Հասցե. 0004 ք. Երևան, Ծովակալ Իսակովի պող. 24
Հեռ. (+37410) 77 77 10
Էլ. փոստ info@nbe.am
Կայք. www.nbe.am
Բյուրոյի պատվիրակությունը Մինսկում մասնակցել է «Դատափորձագիտության և դատափորձագիտական գործունեության դերն ու նշանակությունն ազգային անվտանգության ապահովման գործում» խորագրով միջազգային գիտագործնական համաժողովին
Բելառուսի Հանրապետության դատափորձագիտական պետական կոմիտեի գիտագործնական կենտրոնի ղեկավար Վադիմ Պոզնյակի հրավերով «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի պատվիրակությունը՝ տնօրեն Արգամ Հովսեփյանի գլխավորությամբ հոկտեմբերի 19-ից 20-ը
Բելառուսի մայրաքաղաք Մինսկում մասնակցել է «Դատափորձագիտության և դատափորձագիտական գործունեության դերն ու նշանակությունն ազգային անվտանգության ապահովման գործում» խորագրով միջազգային գիտագործնական համաժողովին, որը նվիրված էր Բելառուսի Հանրապետության դատական փորձաքննությունների պետական կոմիտեի կադրերի որակավորման բարձրացման և վերապատրաստման ինստիտուտի կազմավորման 20 ամյակին:
Բելառուսի դատափորձագիտական պետական կոմիտեի կազմակերպած միջազգային համաժողովին մասնակցում էին Բելառուսի դատական փորձաքննությունների պետական կոմիտեի, Անվտանգության խորհրդի պետական քարտուղարության, Ազգային ժողովի Ներկայացուցիչների պալատի, քննչական կոմիտեի, արդարադատության նախարարության ներկայացուցիչներ, ինչպես նաև Բելառուսի, Ռուսաստանի, Հայաստանի, Ղազախստանի և Ուզբեկստանի փորձագիտական և գիտական հաստատությունների ղեկավարներ, դատափորձագիտական ոլորտի առաջատար մասնագետներ:
Համաժողովին բացման խոսքով է հանդես եկել և Բելառուսի դատափորձագիտական պետական կոմիտեի նախագահ Ալեքսեյ Վոլկովի անունից ներկաներին ողջունել Կոմիտեի նախագահի տեղակալ Ալեքսանդր Լաշինը։ Վերջինս իր խոսքում անդրադարձել է Բելառուսում դատափորձագիտական գործունեության կատարելագործման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին, գիտական և տեխնոլոգիական առաջընթացի զարգացման հետ մեկտեղ ի հայտ եկող փորձաքննությունների նոր տեսակներին, ժամանակակից մեթոդներին և տեխնոլոգիաներին, դատական փորձագետների որակավորման պահանջների մեծացման և ոլորտի արդի հիմնախնդիրներին՝ ընդգծելով այդ առումով միջազգային գործընկերների հետ ջանքերի համատեղման, գիտական ներուժի, փորձի փոխանակման, ինչպես նաև շարունակական շփումների կարևորությունը։
Երկօրյա համաժողովի ընթացքում Բյուրոյի պատվիրակները մասնակցել են պլենար նիստի, որի շրջանակներում ողջույնի խոսքով է հանդես եկել Փորձաքննությունների ազգային բյուրոյի տնօրեն Արգամ Հովսեփյանը: Կազմակերպության ղեկավարը շնորհավորել է Բելառուսի Հանրապետության դատական փորձաքննությունների պետական կոմիտեի նախագահին՝ կոմիտեի կադրերի որակավորման բարձրացման և վերապատրաստման ինստիտուտի կազմավորման 20 ամյակի առթիվ՝ մաղթելով նոր ձեռքբերումներ և մասնագիտական նվաճումներ:
Արգամ Հովսեփյանն ընդգծել է նմանօրինակ գիտաժողովների կազմակերպմամբ արտերկրի դատափորձագիտական կառույցների հետ սերտ կապերի հաստատման ու զարգացման կարևորությունը՝ դատական փորձաքննությունների ոլորտում առաջ եկող գործնական խնդիրների արդյունավետ լուծման, ինչպես նաև դատափորձագիտական ոլորտում կադրային ապահովման որակի բարձրացման համատեքստում:
«Մենք բարձր ենք գնահատում ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի և Բելառուսի Հանրապետության դատափորձագիտական պետական կոմիտեի միջև 2019-ից ձևավորված գործընկերային սերտ հարաբերությունները, ինչի օրինակը երկու երկրների կառույցների կազմակերպած միջոցառումներին ավանդական դարձած փոխադարձ մասնակցություններն են:
Փոխգործակցության առկա ձևաչափը թույլ է տալիս ամրապնդել դատափորձագիտական և քրեագիտական տեսական և գործնական գիտելիքները, քննարկել բազմաթիվ արդիական հարցեր և խնդիրներ, առաջարկել դրանց լուծման արդյունավետ ուղիներ: Երկրների դատափորձագիտական կառույցների միջև գործընկերային հարաբերությունները շարունակում են առավել ընդլայնվել և խորանալ` ընդգրկելով համագործակցության նորանոր ուղղություններ և ձևաչափեր»,-իր խոսքում նշեց Արգամ Հովսեփյանը:
Նիստի շրջանակներում «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի տնօրենի՝ գիտական գծով տեղակալ Պատվական Ոսկանյանը հանդես է եկել «Դատափորձագիտական գործունեության բարձր որակավորմամբ կադրային ապահովման առանձնահատկությունները. գիտամեթոդական և կազմակերպական մոտեցումներ» թեմայով զեկույցով՝ անդրադառնալով Բյուրոյի որդեգրած կադրային քաղաքականությանը և դատափորձագիտական բնագավառում մասնագիտական որակավորման բարձրացման ուղղությամբ իրականացվող շարունակական քայլերին:
Համաժողովի ընթացքում մասնակիցները արդյունավետ քննարկումներ են ծավալել անվտանգային նոր մարտահրավերների ու սպառնալիքների դիմակայման, ազգային անվտանգության ապահովման գործում դատափորձագիտական բնագավառի դերի և նշանակության, ինչպես նաև դատափորձագիտական ոլորտի արդի հիմնախնդիրների շուրջ՝ միմյանց հետ կիսվելով իրենց լավագույն փորձով և գործնականում ի հայտ եկող խնդիրներով։
Համաժողովի ավարտին Բյուրոյի պատվիրակությունը ներկա է գտնվել դատական փորձաքննությունների պետական կոմիտեի կազմակերպած՝ Կոմիտեի կադրերի որակավորման բարձրացման և վերապատրաստման ինստիտուտի կազմավորման 20 ամյակին նվիրված տոնական միջոցառմանը։
«Փորձաքննությունների ազգային բյուրոն» կարևորում է մասնակցությունը նմանօրինակ համաժողովներին՝ համագործակցության շրջանակներն ընդլայնելու, դատափորձագիտական հնարավորություններն ու արդի լավագույն փորձը փոխանակելու և գիտագործնական հարթությունում համագործակցության նոր ուղիներ նախանշելու նպատակով։
28 Դեկտեմբեր 2016